Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հ.Հ.-ի Նախագահի նստավայրում մեկնարկել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարում էր յանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը:

Նիստի սկզբում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների գլխաւոր համակարգող Վիգէն Սարգսեանը ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերեալ միջանկեալ զեկոյց, որից յետոյ տեղի է ունեցել պարգեւատրման արարողութիւն: Նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցութեան համար Հայաստանի եւ Սփիւռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգեւատրուել են ՀՀ պետական բարձր պարգեւներով, արժանացել՝ շնորհակալագրերի: Նախագահ Սերժ Սարգսեանը յանձնել է պարգեւները, շնորհաւորել պարգեւատրուածներին եւ մաղթել յաջողութիւններ:

 

Նախագահ Սերժ Սարգսեանի խօսքը պարգեւատրման արարողութեան ժամանակ

Յարգելի՛ պարգեւատրուածներ,

Մէկ անգամ եւս սրտանց շնորհաւորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու կապակցութեամբ: Ձեզնից իւրաքանչիւրի ներդրումը համազգային նշանակութեան այս գործում, իրօք, մեծ է: Շնորհակալ եմ ձեզ մեր կոչին անսալու եւ ողջ աշխարհին հասանելի դարձած միջոցառումներին սատարելու համար:

2015 թուականը բացառիկ տարի է բոլորիս համար: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը նախանշել եւ իրականացրել է միջոցառումների հսկայական շարք ինչպէս Հայաստանում, այնպէս էլ արտերկրում: Այդ միջոցառումների աշխարհագրութեան, ընդգրկուն ծաւալի եւ որակի մասին, կարծում եմ, կարիք չկայ մէկ անգամ եւս խօսելու:

Իմ գնահատականը հետեւեալն է. մենք՝ որպէս պետութիւն եւ որպէս աշխարհասփիւռ հայութիւն, պատուով յանձնեցինք այս քննութիւնը: Մենք պատշաճ մակարդակով եւ իրապէս բարձր հնչեղութեամբ տեղ հասցրեցինք մեր ուղերձը: Նաեւ աշխարհին ներկայացանք որպէս վերածնուած եւ մեծ ներուժ ունեցող ազգ, որ քայլում է քաղաքակրթութեանը համընթաց: Համաշխարհային հանրութիւնը վկան եղաւ հայութեան արժանապատիւ ու բացառիկ միասնական կեցուածքին: Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացն արձանագրեց նոր՝ աւելի բարձր մակարդակ:

Դա հնարաւոր եղաւ Հայաստանի Հանրապետութեան եւ համայն հայութեան ուժերի եւ հնարաւորութիւնների համախմբման շնորհիւ: Մենք բոլորս միասին մեր գործով վերահաստատեցինք այն յաւէրժական ճշմարտութիւնը, որ հայերի միասնականութիւնը կարող է լուծել շատ բարդ խնդիրներ: Իսկ եթէ բոլորս համախմբենք, մենք որեւէ անլուծելի խնդիր չենք կարող ունենալ:

Շնորհակալութիւն եմ յայտնում բոլորին, ովքեր իրենց մասնակցութիւնը բերեցին այդ կարեւոր գործին: Անձամբ ես այնպիսի տպաւորութիւն ունեմ, որ աշխարհում չգտնուեց մի հայ, որ անմասն մնար այս միջոցառումներին սատարելուց՝ լինի բարերար կամ արուեստագէտ, նուիրատու կամ լրագրող, ցուցարար կամ դիւանագէտ, կամաւոր կամ պաշտօնեայ, գիտնական կամ հոգեւորական: Մենք արեցինք այն, ինչը մեր պարտքն էր: Եւ անելու ենք այնքան, քանի դեռ մենք մեր պարտքերը չենք վերադարձրել մեր Սուրբ նահատակների յիշատակի առջեւ:

Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ բոլորիդ եւ մաղթում յետագայ յաջողութիւններ: Մենք տարին չենք աւարտել եւ նոյնիսկ տարին աւարտելով՝ մենք չենք աւարտելու մեր աշխատանքը:

Շնորհակալութիւն: